- Հայերեն
- Français
- English
«Մատենադարանի խորհուրդը»




Հոկտեմբերի 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում առաջին կուրսերի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց սեմինար և ֆիլմի դիտում՝ «Մատենադարանի խորհուրդը» խորագրով՝ նվիրված Սրբոց թարգմանչաց տոնին: Միջոցառման նպատակն էր ճանաչել «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» տոնի խորհուրդը, գնահատել թարգմանչաց շարժումը՝ որպես լուսավորության, կրթության, գիտության, լեզվաշինության զարգացման հիմք, ծանոթանալ Մատենադարանի գործունեությանը:
Նախքան ֆիլմի դիտումը, ուսանողական խորհրդի անդամները ներկայացրին 5-րդ դարի քաղաքական և մշակութային կյանքը՝ որպես ելք մատնանշելով գրերի գյուտը: Նրանք անդրադարձան առաջին հայ թարգմանիչներին, նրանց կատարած ահռելի աշխատանքին, գնահատեցին նրանց վաստակը հայ դպրության, մշակույթի առաջընթացի գործում:
Խոսելով թարգմանչաց շարժման մասին՝ նշեցին, որ Աստվածաշնչի թարգմանությունը մինչև այժմ համարվում է «թարգմանությունների թագուհի»:
«Մատենադարան» ֆիլմը ուսանողներին մանրամասնորեն և հանգամանալից ծանոթացրեց Մատենադարանի՝ որպես հին ձեռագրերի պահպանման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման պատմությանը և գործունեությանը:
Հետաքրքիր էր անվանի ճարտարապետի թոռան՝ Մարկ Գրիգորյանի հիշողությունները իր անվանի պապի և այն դժվարությունների մասին, որ ծագել են այդ եզակի կառույցի նախագիծը ստեղծելիս:
Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում:
Հայոց լեզվի և գրականության դասախոս Գ. Ավետիսյանը, լրացնելով ուսանողներին, նշեց, որ թարգմանական շարժումը թուլացրեց օտար եկեղեցիների ազդեցությունը և այդ եկեղեցիների թիկունքին կանգնած տերությունների քաղաքական նկրտումները: 5-րդ դարի թարգմանիչները ոչնչից ստեղծեցին մի ինքնատիպ մշակույթ, որ ուրիշ ոչ մի ազգի մշակույթի հետ չես շփոթի: Նրանց ջանքերով ազգը համախմբվեց միասնական մեկ հավատքի շուրջ և կարողացավ դիմագրավել ճակատագրի դառը փորձություններին:
Ա. Պետրոսյան




