«Մաքուր Հայաստան» խորագրով բաց դաս աշխարհագրություն առարկայից

12/03/2018

Մարտի 7-ին, առաջին կուրսերի ուսանողների մասնակցությամբ, աշխարհագրություն առարկայից անցկացվեց բաց դաս «Մաքուր Հայաստան» խորագրով:
 Դասի նպատակն էր սովորողների մոտ ձևավորել էկոլոգիական դաստիարակություն, սերմանել պատասխանատվություն շրջակա միջավայրի պահպանության գործում: 

Մասնակիցներին նախապես հանձնարարված էր ուսումնասիրել Գյումրի քաղաքի սանիտարական վիճակը և պատրաստել զեկույցներ ու լուսաբանող նյութեր:
Դասի սկզբում ներկայացվեցին համայն մարդկության առջև ծառացած էկոլոգիական տարաբնույթ հիմնախնդիրները: Խոսվեց բնության վրա մարդածին և բնածին գործոնների բացասական ազդեցությունների, դրանց թողած հետևանքների, էկոհանցագործությունների վնասազերծման մասին:

Առավել կարևորվեց Հայաստանում տիրող ներկա էկոլոգիական վիճակի լուսաբանումը՝ բնական ռեսուրսների անխնա օգտագործումը, թունավոր նյութերով մթնոլորտի, ջրի, հողի աղտոտումը, անտառների և կենսաբազմազանության կրճատումը որպես էկոլոգիական ճգնաժամի պատճառ: 

Ուսանողները բովանդակալից սահիկաշարի միջոցով ներկայացրեցին նաև Շիրակի մարզի բնապահպանական և Գյումրու համայնապատկերում առկա էկոլոգիական խնդիրները:

Մասնակիցները, դատապարտելով էկոլոգիական հիմնախնդրի մեջ մարդածին գործոնը, գծապատկերի միջոցով առաջարկեցին «Մեկ մոլորակ» կենսակերպով ապրելու տարբեր սկզբունքներ:

 Դասն ավարտվեց առանցքային մտքի շեշտադրմամբ. «Մաքրությունը մշակույթ է, ապրելակերպ, վերաբերմունք երկրի և սեփական անձի նկատմամբ»:

Աշխարհագրության ուսուցչուհի՝                            Ա. Բարոյան